Անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր

Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց նկատվում է դրական դինամիկա: Վիճակը կայունանում է: Վիրաբուժական միջամտության կարիք չունի:

Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս են եղել դաշտ հողագործական աշխատանքի: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Երևան:

Ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։

Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջական վիճակի մեջ դրական դինամիկա կա: Սկսել է ուտել ինքնուրույն, գիտակցությունն ավելի ակտիվ է:

Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Նա ընտանիքի անդամների հետ սեպտեմբերի 27-ին ստիպված էր եղել փախչել տնից՝ Մարտակերտից, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ստացել, ամենից շատ տուժել է Ռոբերտը:

 522 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •