Երևանի թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենը կալանավորվել է

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ բավարարվել են «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ.Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ դատախազության վերաքննիչ բողոքները:

«Ինչպես արդեն տեղեկացվել է, «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց»-ում պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու, տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում 08.09.2021 թ. դպրոցի տնօրեն Մ.Հ.-ն ձերբակալվել էր:

Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա սույն քրեական գործի շրջանակներում վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար և վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Դատարանի 10.09.2021 թ. որոշմամբ, սակայն, միջնորդությունը մերժվել էր: Նրա ու ևս մեկ անձի՝ Հ.Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության շարունակման արդյունքում 2021 թ. սեպտեմբերի 13-ին դպրոցի տնօրենի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ), 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և հաջորդ օրը քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Սույն միջնորդությունը դատարանի որոշմամբ նույնպես մերժվել էր:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից նշված դատական ակտերի դեմ տարվել են վերաքննիչ բողոքներ: Դրանց քննության արդյունքում  սեպտեմբերի 30-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ դատախազության միջնորդությունները բավարարվել են, և որոշում է կայացվել մեղադրյալ Մ.Հ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշումը կուղարկվի ոստիկանություն՝ դրանից բխող անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար»,- նշված է դատախազության որոշման մեջ:

 171 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •