Քրեական օրենսգրքում գերի ընկնելու վերաբերյալ դրույթ կա նախատեսված

Նոյմբերի 17-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ զինծառայողների գերի ընկնելու հանգամանքներին:

«Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և պետք է հստակ բոլոր դեպքերով քննվի, ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածը սահմանում է կամովին գերի հանձնվելու վերաբերյալ կարգավորում: Նշվում է, որ վախկոտության կամ փոքրոգության պատճառով կամովին գերի հանձնվելը պատժվում է ազատազրկմամբ՝ 8- 15 տարի ժամկետով:

Զինված ուժերի ներքին ծառայության կանոնակարգը սահմանում է, որ եթե զինծառայողը, հայտնվելով իր զորքերից կտրված վիճակում և սպառելով դիմադրության բոլոր միջոցներն ու հնարավորությունները կամ ծանր վիրավորվածության, ծանր կոնտուզիայի հետևանքով գտնվելով անօգնական վիճակում, գերի վերցվի, պարտավոր է փնտրել և օգտագործել ամեն մի հնարավորություն իրեն և իր ընկերներին գերությունից ազատելու, իր զորքեր վերադառնալու համար:

Գերի վերցված զինծառայողը հարցաքննության ժամանակ իրավունք ունի հայտնելու միայն իր ազգանունը, անունը, հայրանունը, զինվորական կոչումը, ծննդյան թիվը և անձնական համարը: Նա պարտավոր է օգնել գերված ընկերներին, նրանց ետ պահել թշնամուն օժանդակելուց, մերժել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վնաս հասցնելու ուղղությամբ զինծառայողին օգտագործելու թշնամու փորձերը:

 148 total views,  3 views today

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •